Խաչակրաց արշավանքները

7Նախաբան
1095թ. նոյեմբերի 27-ին, Ֆրանսիայի Կլերմոն քաղաքում, դիմելով բացօթյա լսարանում հավաքված բազմահազար ունկնդիրներին, Հռոմի պապ Ուրբանոս II-ը կոչ արեց օգնության գնալ մահմեդականների լծի տակ հեծող արևելյան քրիստոնյաներին, դրանով փաստորեն սկզբնավորելով մի զանգվածային շարժում, որը հետագայում հայտնի պիտի դառնար խաչակրություն անունով: Խաչակրություն բառը «խաչակրաց արշավանք» նշանակությամբ եվրոպական լեզուներում սկսել է գործածվել XVIII դարից: Ուրբանոսի կոչը, Կլերմոնի ժողովից հետո ծավալված եռանդուն քարոզչության շնորհիվ, լայն արձագանք գտավ արևմտյան հասարակության բոլոր շերտերում, և բազմահազար կամավորներ պատրաստակամություն հայտնեցին զինվորագրվելու ազդարարված սրբազան պատերազմին: Ոգևորությունն այնքան համատարած էր և ցանկացողների թիվն այնքան մեծ, որ Ուրբանոսն ստիպված էր նույնիսկ որոշ սահմանափակումներ մտցնել հավաքագրվողների կազմում, մասնավորապես չխրախուսելով ծերերի, կանանց և երեխաների մասնակցությունը: Եվ ահա, 1096թ. գարնանից ի վեր՝ խոշոր բարոններից, ասպետներից, եկեղեցականներից, հողազուրկ գյուղացիներից ու թափառաշրջիկներից կազմված խաչակրաց խայտաբղետ բազմությունը, տարբեր ժամկետներում ու տարբեր ճանապարհներով, շարժվեց դեպի Արևելք, այդպիսով ծնունդ տալով մի փոթորկալից գործընթացի, որը պիտի տևեր շուրջ 200 տարի և ունենար հետևյալ գլխավոր հանգրվանները.

1. Առաջին խաչակրաց արշավանք (1096-1099թթ.), որը գլխավորում էին ֆրանսիական ու նորմանական խոշոր բարոնները, և որի արդյունքում Արևելքում ստեղծվեցին չորս լատինական պետություններ՝ Երուսաղեմի թագավորությունը, Անտիոքի իշխանապետությունը, Եդեսիայի և Տրիպոլիի կոմսությունները:
2. Երկրորդ խաչակրաց արշավանք (1147-1149թթ.), ձեռնարկված Մոսուլի աթաբեկ Զանգիի կողմից Եդեսիայի գրավման (1144թ.) վրեժը լուծելու նպատակով: Լիակատար ձախողությամբ ավարտված այս արշավանքի առաջնորդներն էին գերմանական կայս Կոնրադ III-ը և Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս VII-ը:
3. Երրորդ խաչակրաց արշավանք (1189-1192թթ.), որի նպատակն էր վերանվաճել Սալահեդդինի կողմից 1187 թվականին գրավված Երուսաղեմ քաղաքը: Այդ արշավանքը, որի հրամանատարներն էին Ֆրիդրիխ Շիկամորուս կայսրը, Անգլիայի թագավոր Ռիչարդ Առյուծասիրտը և Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ-Օգյուստը, թեև չհասավ իր բուն նպատակին, բայց նրա շնորհիվ վերականգնվեց Երուսաղեմի թագավորությունը ՝ Աքքա կենտրոնով, ինչպես նաև հիմնադրվեց Կիպրոսի լատինական թագավորությունը:
4. Չորրորդ խաչակրաց արշավանք (1204թ.), որն, ի տարբերություն նախորդ երկուսի, առաջնորդում էին ոչ թե եվրոպական մեծ երկրների թագավորները, այլ մի քանի խոշոր բարոններ: Այդ արշավանքը Մահմեդական Արևելք ուղղվելու փոխարեն, շրջվեց դեպի Բյուզանդիա և ավարտվեց նրա մայրաքաղաքի գրավմամբ ու Կոստանդնուպոլսի լատինական կայսրության հիմնադրմամբ:
5. Հինգերորդ խաչակրաց արշավանք (1217-1221թթ.). Երուսաղեմի թագավոր Հովհաննես Բրիենացու, Ավստրիայի դուքս Լեոպոլդ VI-ի և պապական նվիրակ Պելագիոսի առաջնորդությամբ իրականացված այս արշավանքի արդյունքում գրավվեց Եգիպտոսի Դամիատ նավահանգիստը, որը սակայն գրեթե անմիջապես կրկին ընկավ Այուբյան սուլթանների ձեռքը:
6. Վեցերորդ խաչակրաց արշավանքը (1228-1229թթ.), որը միայնակ գլխավորում էր Ֆրիդրիխ II գերմանական կայսրը: Վերջինիս հաջողվեց զուտ դիվանագիտական միջոցներով Եգիպտոսի Այուբյաններից կորզել Երուսաղեմ քաղաքը, որն այս անգամ խաչակիրների ձեռքում մնաց 15 տարի (1229-1244թթ.):
7. Յոթերորդ խաչակրաց արշավանք (1248-1254թթ.), որի ընթացքում այն առաջնորդող Ֆրանսիայի Լյուդովիկոս IX թագավորը, հինգերորդ արշավանքի օրինակով, գրավեց Դամիատ քաղաքը, բայց շուտով ջախջախիչ պարտություն կրելով, կրկին կորցրեց այն:
8. Ութերորդ խաչակրաց արշավանք (1270թ.), որը նույնպես իրականացվեց Լյուդովիկոս IX-ի հրամանատարությամբ, սակայն Արևելք ճանապարհվելու փոխարեն ուղղվելով դեպի Թունիս, ձախողության մատնվեց, և թագավորն ինքն էլ այնտեղ կնքեց իր մահկանացուն, հետագայում դասվելով սրբերի շարքը:
Այսպիսով՝ այս նյութում կծանոթանաք Խաչակրաց արշավանքների նախադրյալներին, հիմնական դրդապատճառներին, առաջին խաչակրաց արշավանքի ընթացքին և վերջինիս ժամանակ ձևավորված խաչակրաց չորս պետություններին:

Խաչակրության նախադրյալները
Խաչակրության սոցիալ-տնտեսական նախադրյալների շարքում հետազոտողներից շատերը գլխավոր տեղ են հատկացնում XI դարում Արևմտյան Եվրոպայում արձանագրված ընդհանուր վերելքին, որն իր դրսևորումն էր գտել նրա հասարակական կյանքի համարյա բոլոր բնագավառներում: Ավարտվել էին ծայրամասային ժողովուրդների ներխուժումները, նորմաններն ու հունգարացիները քրիստոնեություն էին ընդունել, զգացնել էր տալիս բնակչության աճի միտումը, վերականգնվել էին միջերկրածովյան քաղաքները և դրա շնորհիվ աշխուժացել էր միջազգային առևտուրը, 1030 թվականից սկսվել էր իսպանացիների ազատագրական պայքարն արաբների դեմ (Reconquista), Կլունիական վանականության տարածումը նպաստել էր հոգևոր կյանքի առողջացմանն ու բարքերի մաքրմանը, Գրիգոր VII պապի իրականացրած արմատական վերափոխումները, որոնք միտված էին բարձրացնելու Հռոմեական եկեղեցու հեղինակությունը և ապահովելու նրա գերակայությունը աշխարհիկ իշխանությունների նկատմամբ, որոշ չափով հասել էին իրենց նպատակին, և նույնիսկ Սրբազան Հռոմեական կայսրության և Եկեղեցու միջև այդ հողի վրա առաջացած հակամարտությունը ոչ թե վերջինիս թուլության, այլ հզորության արտահայտությունը պետք է համարել: Այս ամենի հետ մեկտեղ, Կարոլինգյան կայսրության քայքայման հետևանքով ընկել էր պետական հաստատությունների հեղինակությունը: Դրության տերն էին դարձել խոշոր ավատատերերն ու ռազմատենչ ասպետները, որոնք շարունակ զբաղված էին միմյանց դեմ մղվող արյունալի կռիվներով և հակառակորդ ավատատերերին, Եկեղեցուն, վանական հաստատություններին պատկանող կալվածքների հափշտակմամբ ու գյուղերի կողոպուտով: Ավերածություններն այնպիսի ահավոր չափերի էին հասել, որ Եկեղեցին ստիպված էր հայտարարել Աստծու խաղաղության կամ Աստծու զինադադարի օրեր, որոնց ընթացքում արգելվում էր մարտական գործողություններ իրականացնել: Հատկապես անհանգստացնող էր ասպետական դասի ազդեցության տարածումը՝ որպես հետևանք, այսպես կոչված, «մայորատի» կամ անդրանիկության(primogeniture) ինստիտուտի կիրառման, որի համաձայն՝ ավատատիրոջ ողջ սեփականությունը ժառանգաբար անցնում էր ավագ որդուն, իսկ կրտսերները, զրկվելով սեփականություն ունենալու հնարավորությունից, ստիպված էին լինում համալրել հոգևորականության կամ ասպետության շարքերը: Սեփականազուրկ ասպետների կողքին, հողային կալվածքների խոշորացման և վերը նշված ավերածությունների հետևանքով, ավելացել էր նաև հողազուրկ գյուղացիների թիվը: Նրանց դրությունն ավելի էր ծանրացել XI դարի վերջին տասնամյակում Արևմտյան Եվրոպային բաժին հասած երաշտի ու սովի տարիների պատճառով: Այսպիսով, խաչակրության նախօրյակին Արևմուտքում գոյացել էր սեփականության կարոտ ասպետների ու հողազուրկ գյուղացիների որոշակի ավելցուկ, որն ունակ էր լքելու հայրենի բնակավայրերը և բախտ որոնելու հեռավոր եզերքներում:
Դրա համար նախապատրաստված էր նաև անհրաժեշտ հոգեբանական և գաղափարախոսական մթնոլորտը: Ժամանակի ընթացքում Արևմուտքում ձևավորվել էր դեռևս սուրբ Ավգուստինոսի կողմից (IV-V դդ.) առաջ քաշված արդար պատերազմի հասկացությունը, որի նպատակը աստվածաշնչական «մի՛ սպանաներ» պատվիրանի հաղթահարումն էր, և որի տակ հասկացվում էր զուտ պաշտպանական պատերազմ: Այդ հասկացության բնական զարգացումը ի վերջո պիտի հանգեցներ սրբազան պատերազմի գաղափարին,որի ձևավորմանը մասնավորապես նպաստել էին հեթանոս նորմանների և հունգարացիների դեմ մղված երկարատև պատերազմները, ինչպես նաև Իսպանիայում, հարավային Ֆրանսիայում և Սիցիլիայում արաբների դեմ ձեռնարկված ռազմական գործողությունները: Ըստ այդմ, արդար և սրբազան էին համարվում այն հարձակողական պատերազմները, որոնք մղվում էին հանուն քրիստոնեական ոլորտների պաշտպանության և ժամանակին քրիստոնյաներին պատկանած տարածքների վերանվաճման: Միջնադարյան մարդու պատկերացմամբ՝ սրբազան պատերազմները հրահանգվում էին Աստծու կողմից և նվիրագործվում Հռոմի պապի շուրթերով, իսկ պատերազմի մասնակիցները դիտվում էին որպես Քրիստոսի զինվորներ: Սրբազան պատերազմի կարևորագույն բաղկացուցիչ մասերից մեկն էլ,որը հատկապես հրապուրում էր զինվորագրյալներին, պապի կողմից հռչակված մեղքերի համընդհանուր թողությունն ու հավիտենական կյանքի արժանանալու երաշխիքն էր:
Հոգեբանական մթնոլորտի նախապատրաստման տեսակետից խաչակրության կարևոր նախադրյալ է համարվում նաև XI դարում մեծ թափ հավաքած ուխտագնացության շարժումը դեպի Սուրբ Երկիր, որի ծավալների մասին կարող են պատկերացում տալ թեկուզ միայն հետևյալ երկու փաստերը. 1026/7 թ. ուխտագնացների խումբը բաղկացած էր շուրջ 700, իսկ 1064/5 թ. բազմությունը՝ 7000 հոգուց:Ի՞նչն էր այս զանգվածային շարժման պատճառը, որը, չնայած ուխտավորների առջև ծառացած հսկայական դժվարություններին և ճանապարհորդության հետ կապված մեծ ծախսերին, ոչ միայն ժամանակի հետ չէր մարում, այլև ավելի ու ավելի ծավալվելու միտում էր դրսևորում: Հասկանալի է, որ Կաթոլիկ եկեղեցու սրբավայրերի շարքում, Հռոմի և իսպանական Սանտյագո դե Կոմպոստելայի կողքին, Երուսաղեմն զբաղեցնում էր կենտրոնական դիրք, որպես Քրիստոսի չարչարանքների ու հարության վայր, և որպես նրա գերեզմանի սրբատեղի: Հաջորդ հանգամանքը, որ ուխտավորներին ձգում էր դեպի Երուսաղեմ, աշխարհի վերջի մասին գոյություն ունեցող այն վախճանաբանական (էսքատոլոգիական) հավատամքն էր, որ Քրիստոսի երկրորդ գալուստը տեղի է ունենալու այդ քաղաքում, ուստի պետք է ներկա գտնվել այդ եզակի իրադարձությանը: Երկրորդ գալուստն սպասվում էր առաջին հազարամյակի վերջում, բայց երբ դա տեղի չունեցավ, հավատացյալները դրա հույսը կապեցին տասնմեկերորդ դարի ավարտի հետ: Սակայն ուխտագնացության տարածման գլխավոր խթանը հանդիսացավ այն իրողությունը, որ բարեպաշտության ցույցից առավել, այն սկսեց դիտվել որպես ապաշխարության ակտ: Թեև մեծ մասամբ կամավոր՝ բայց շատ հաճախ այն նույնիսկ պարտադրվում էր Եկեղեցու կողմից, որպես մեղքերի թողության նախապայման: Ուխտագնացությունների շնորհիվ Եվրոպան հաղթահարեց Արևելքի հետ շփվելու հոգեբանական արգելքը, որոշ գիտելիքներ ձեռք բերեց Սուրբ Երկրի ու հարակից շրջանների մասին, ինչն, անշուշտ, որոշ դեր խաղաց խաչակրության գաղափարը կյանքի կոչելու հարցում: Ավելին, բազմաթիվ պատմաբանների կարծիքով՝ խաչակրությունն, ըստ էության, նույն ուխտագնացությունն էր, բայց արդեն լինելով վերջինիս զինված տարատեսակը: Հ.Է. Մայերի դիպուկ արտահայտությամբ՝ «Խաչակրությունը ուխտագնացության տրամաբանական շարունակությունն էր. ոչ մեկի մտքով չէր անցնի նվաճել Սուրբ Երկիրը, եթե մարդիկ դարեր շարունակ ուխտի չգնային այնտեղ»:
IX դարի կեսերին դուրս հորդալով միջինասիական տափաստաններից, սելջուկ-թուրքերի քոչվորական ցեղերը կարճ ժամանակի ընթացքում ծնկի բերին Արաբական խալիֆաթն ու Բյուզանդական կայսրությունը: 1055 թվականին սելջուկյան զորագլուխ Տողրուլ-բեգը, խալիֆից ստանալով սուլթանի կոչում, վավերացրեց իր փաստական իշխանությունը և հիմնադրեց թուրքական աշխարհակալ պետությունը: Խալիֆաթի հետ իրենց հաշիվները մաքրելուց հետո, 1071 թվականին, թուրքերը Մանազկերտի ճակատամարտում ջախջախիչ պարտության մատնեցին Բյուզանդական կայսրությանը, և վերջինս փաստորեն դուրս մղվեց Մերձավոր Արևելքի պատմության թատերաբեմից: Սելջուկյան կայսրությունն իր հզորության գագաթնակետին հասավ Ալփ-Արսլան(1063-1072թթ.) և Մելիքշահ (1072-1092թթ.) սուլթանների օրոք՝ տարածվելով Չինաստանի սահմաններից մինչև Միջերկրական ծով և Այսրկովկասից մինչև Հնդկական օվկիանոս: Մելիքշահի և հատկապես նրա վեզիր Նիզամ ալ-Մուլքի եռանդուն միջոցառումների շնորհիվ սելջուկյան պետությունը, աստիճանաբար վերականգնելով մերձավորարևելյան քաղաքակրթության նախկին ավանդները, սկսեց ամրապնդվել ու կայունանալ: Մելիքշահից հետո սելջուկյան աշխարհակալ պետությունը ներքին երկպառակությունների պատճառով սկսեց արագորեն քայքայվել: Նրա սահմաններում առաջացան բազմաթիվ կիսանկախ էմիրություններ, թեև անվանապես պահպանվում էր Սելջուկյան սուլթանների իշխանությունը: Յուրաքանչյուր էմիր ձգտում էր հաստատել իր գերիշխանությունը, սակայն նրանցից ոչ մեկին չհաջողվեց վերականգնել Սելջուկյան կայսրության նախկին միասնությունը: Բնականաբար մահմեդականների այս մասնատվածությունն ու անմիաբանությունը պարարտ հող էին խաչակրության նպատակներն իրականություն դարձնելու համար:

Անմիջական դրդապատճառներն ու խթանները
Առաջին խաչակրաց արշավանքի գլխավոր դրդապատճառ է համարվում բյուզանդական կայսր Ալեքսիոս Կոմնենոսի դիմումը Ուրբանոսին, որով նա Արևմուտքից զինական օգնություն էր խնդրում՝ սելջուկյան ներխուժումները դիմագրավելու նպատակով: Կայսեր պատվիրակները 1095թ. մարտին ներկայանալով իտալական Պիաչենցա քաղաքում պապի գումարած եկեղեցական ժողովին, այդ խնդրանքը հիմնավորել էին արևելյան քրիստոնյաների կրած ծանր տառապանքներով և սելջուկների գործած սոսկալի ավերածություններով: Մանազկերտի ճակատամարտից անմիջապես հետո նման խնդրանքով Գրիգոր VII պապին էր դիմել նաև Միքայել VII բյուզանդական կայսրը, որին ի պատասխան, 1174 թվականին, Գրիգորը մտահղացել էր արշավանք կազմակերպել սելջուկների դեմ, նույնիսկ անձամբ գլխավորել այն, բայց ինչ-ինչ պատճառներով չէր կարողացել իրականացնել իր ծրագիրը: Նախաձեռնելով առաջին խաչակրաց արշավանքը, Ուրբանոսն , արդ, հանդիսացավ Գրիգոր VII պապի մտահղացման իրական գործադրողը:
Խաչակրության գաղափարի հղացման և իրականացման երկրորդ խթան են դիտվում սելջուկյան արշավանքներից հետո ուխտագնացության համար առաջացած դժվարությունները և ուխտավորների կյանքին սպառնացող վտանգները: Մենք արդեն տեսանք, թե ինչ հսկայական նշանակություն ուներ ուխտագնացությունը Արևմուտքի հավատացյալ հասարակության համար: Ուխտագնացությունները անցյալում էլ ուղեկցվում էին որոշակի դժվարություններով, վտանգներով և տարբեր բնույթի ցավալի պատահարներով: Խաչակրության գաղափարի հասունացման շրջանում հավանաբար դեռևս մոռացված չէին 1009 թվականին Եգիպտոսի խալիֆ Հաքիմի կողմից Երուսաղեմում գործված վայրագությունները, որոնց ընթացքում պղծվել և ավերվել էին քաղաքի բոլոր սրբավայրերը, այդ թվում՝ Քրիստոսի գերեզմանը: 1054 թվականին երեք հարյուր ուխտավորներ մահմեդականների կողմից արտաքսվել էին Երուսաղեմից: 1064/5 թվականին յոթ հազար հոգուց կազմված ուխտավորների բազմությունը Պաղեստինի Ռամլա քաղաքի մոտ հարձակման էր ենթարկվել և մի քանի օր պաշտպանական կռիվներ մղել: Բացառված չէ, որ Մանազկերտի ճակատամարտից և Անատոլիայում ու Սիրիայում սելջուկյան տիրապետության հաստատումից հետո նման պատահարները ավելի հաճախակի էին դարձել, ինչը չէր կարող իրական անհանգստություն չառաջացնել Եվրոպայում և ինչ-որ կերպ չազդել խաչակրության գաղափարի ձևավորման վրա:
Հավանաբար առաջին խաչակրաց արշավանքի քարոզչության ամիսներին էր, որ գտնվեցին խաչակրության գլխավոր կարգախոսները: Դրանք երկուսն էին՝ Երուսաղեմի վերանվաճումն ու Սուրբ Գերեզմանի ազատագրումը, գաղափարներ, որոնք ակնհայտորեն ի վիճակի էին զորաշարժի ենթարկելու զանգվածներին: Սուրբ Երկիրը համարվում էր «Քրիստոսի թագավորությունը», ուստի Արևմուտքի համար անհանդուրժելի էր, որ այն գտնվում էր «անհավատների» ձեռքում: Եվրոպացիների տեսակետից՝ Երուսաղեմի վերանվաճումը նաև լիովին համապատասխանում էր սրբազան պատերազմի սկզբունքներին, քանի որ մինչև VII դարը այն պատկանել էր Հռոմեական կայսրությանը և գտնվել քրիստոնյաների տիրապետության տակ: Այսպիսով, ներառելով նաև այս նոր փաստարկները, զորաշարժի նախօրյակին վերջնականապես հստակեցվեց խաչակրության հայտարարված նպատակը, այն է՝ արևելյան քրիստոնյաների ազատագրումը սելջուկյան լծից և Երուսաղեմի ու Սուրբ Գերեզմանի վերանվաճումը մահմեդականների ձեռքից:

Առաջին խաչակրաց արշավանքի ընթացքը
Առաջին խաչակրաց արշավանքի մասնակիցները բաժանվում էին չորս հիմնական խմբի:
Առաջին խումբը, որ կազմված էր հիմնականում լոթարինգացիներից, հյուսիսային ֆրանսիացիներից և գերմանացիներից, գլխավորում էր ներքին Լոթարինգիայի դուքս Գոդֆրուա Բուլոյնացին: Երկրորդ խումբը կազմված էր Իտալիայի նորմաններից, որոնց հրամանատարն էր Բոհեմունդ Տարենտացին՝ Ապուլիայի դուքս Ռոբերտ Գվիսկարի ավագ որդին: Երրորդ և ամենաբազմամարդ խումբը ներկայացնում էին հարավային Ֆրանսիայի բնակիչները՝ Թուլուզի կոմս Ռայմոնդ Սենժիլցու գլխավորությամբ: Չորրորդ խումբը կազմված էր հյուսիսային ֆրանսիացիներից՝ դուքս Ռոբերտ Նորմանդացու, կոմս Ռոբերտ II Ֆլանդրացու և կոմս Ստեփան Բլուացու հրամանատարության ներքո:
Առաջին խաչակրության մասնակիցների շրջանակը, սակայն, չէր սահմանափակվում միայն բարոնների և նրանց ուղեկցող ասպետների դասով: Նրանցից անկախ և ժամանակով նրանցից առաջ դեպի Սուրբ Երկիր ճանապարհ էր ընկել, այսպես կոչված, աղքատների կամ ամբոխի խաչակրությունը՝ ժողովրդական քարոզիչներ Պետրոս Ճգնավորի, Վալտեր Սանզավուարի և այլոց գլխավորությամբ: Այդ խումբը, կազմված մեծ մասամբ անզեն և չքավոր ուխտավորներից, որոնց Գերմանիայում միացել էին նաև որոշ մանր ֆեոդալներ և ասպետներ, հասնում էր մոտավորապես 20.000 հոգու: Բուն բանակի թվաքանակը, ներառյալ Պետրոս Ճգնավորի գլխավորած ամբոխը, կազմում էր շուրջ 4200-4500 հեծյալ և 30.000 հետևակային:

1096թ. ապրիլին ժողովրդական խաչակրությունը երկու ալիքով՝ նախ Վալտեր Սանզավուարի, ապա Պետրոս Ճգնավորի գլխավորությամբ, մեկնելով Ֆրանսիայից, Գերմանիայի և Հունգարիայի ճանապարհով հասավ Բյուզանդիա, որի սահմանը կտրեց Բելգրադի մոտ: Հուլիս-օգոստոսին այդ խաչակրությունն արդեն ամբողջությամբ հասել էր Կոստանդնուպոլիս: Չսպասելով խաչակրաց բուն բանակների ժամանմանը, այդ խայտաբղետ ամբոխը անցավ Փոքր Ասիա և հոկտեմբերի 21-ին, թուրքերի հետ առաջին իսկ լուրջ բախման ժամանակ, Նիկիայի մոտերքում, գլխովին ջախջախվեց: Փրկվեցին քչերը, այդ թվում՝ Պետրոս Ճգնավորը, որը մնացել էր Կոստանդնուպոլսում:
1096թ. նոյեմբերից մինչև 1097թ. ապրիլն ընկած ժամանակամիջոցում տարբեր ճանապարհներով Կոստանդնուպոլիս հասան նաև խաչակիրների մյուս խմբերը: Գոդֆրուա Բուլոյնացին ընտրել էր համարյա նույն երթուղին, որով ընթացել էր ժողովրդական խաչակրությունը: Ռայմոնդ Սենժիլցին, կտրելով Ալպյան լեռնաշղթան, իջել էր հյուսիսային Իտալիա և Ադրիատիկ ծովի հյուսիսային ափերով մտել Բալկաններ: Նորմանդացիներն ու ֆլամանդացիները, նույնպես կտրելով Ալպերը, իջել էին մինչև հարավային Իտալիա և Բարիից ծովով անցել Էպիրոս, իսկ այնուհետև հին հռոմեական Via Egnatia ճանապարհով շարժվել դեպի Կոստանդնուպոլիս: Բնականաբար Բարիից-Կոստանդնուպոլիս համարյա նույն երթուղով էր ընթացել նաև Բոհեմունդ Տարենտացին:
Ճանապարհորդությունը դեպի Կոստանդնուպոլիս ուղեկցվել էր ներքին կռիվներով, գերմանական քաղաքների հրեական համայնքների կոտորածներով, հունգարական բանակների և բյուզանդական սահմանային կայազորների հետ ունեցած բախումներով, տեղական բնակչության ունեցվածքի հափշտակություններով և այլն: Դժվարին բանակցություններից և դիվանագիտական բազմաթիվ հնարքների կիրառումից հետո, ի վերջո, 1097թ. ապրիլին պայմանագիր կնքվեց մի կողմից Բյուզանդիայի, մյուս կողմից խաչակիրների միջև, որի համաձայն՝ Ալեքսիոս կայսրը պարտավորվում էր պարենավորել խաչակիրներին, նրանց ապահովել զինված ուղեկիցներով, իսկ հետագայում անձամբ միանալ դեպի Սուրբ Երկիր ընթացող արշավանքին: Խաչակիրներն իրենց կողմից երդվում էին՝ Բյուզանդիային վերադարձնել թուրքերից գրավվելիք այն բոլոր տարածքները, որոնք սելջուկյան ասպատակությունների նախօրյակին պատկանել էին կայսրությանը: Պայմանագրի նկատմամբ որոշ վերապահում ունեցավ միայն Ռայմոնդ Սենժիլցին, իսկ Տանկրեդն ընդհանրապես հրաժարվեց ստորագրել այն:
Ապրիլի վերջին- մայիսի սկզբներին խաչակրաց բանակները մեկը մյուսի ետևից մեկնեցին Կոստանդնուպոլսից, և կտրելով Բոսփորի նեղուցը, ոտք դրին Փոքր Ասիա: Մայիսի 6-ին նրանք սկսեցին Նիկիայի պաշարումը, որն այդ ժամանակ Փոքր Ասիայի Սելջուկյան սուլթանության մայրաքաղաքն էր: Հունիսի 19-ին, չդիմանալով ահագնացող ճնշմանն ու օգնություն չստանալով սուլթան Քիլիջ- Արսլանից, քաղաքն անձնատուր եղավ բյուզանդացիներին: Դրանից հետո խաչակիրները շարժվեցին դեպի հարավ-արևելք և հուլիսի 1-ին Դորիլեոն(Էսկի-Շեհիր) քաղաքի մոտ վճռական ճակատամարտ տվին սելջուկներին: Վերջիններս ջախջախիչ պարտություն կրեցին և փաստորեն հրաժարվեցին հետագա դիմադրությունից: Այնուհետև, մինչև Սիրիայի սահմանները ճանապարհն, ըստ էության, բաց էր խաչակիրների առջև: Դորիլեոնից հետո նրանց երթուղին ընթացավ Պոլիբոտոս-Ֆիլոմելիոն-Լաոդիկիա-Իկոնիա-Հերակլեա-Նիջդե(Տիանա)-Կեսարիա-Կոմանա-Կոկիսոն-Մարաշ-Անտիոք ճանապարհով: Հերակլեայում Տանկրեդը և Բալդուին Բուլոյնացին սեպտեմբերի կեսերին բաժանվեցին հիմնական բանակից և առանձին փոքրիկ զորախմբերով Կիլիկյան դռներով իջան դաշտային Կիլիկիա: Տանկրեդը, որը երեք օրով առաջ էր ընկել Բալդուինից, ուներ միայն 100 ասպետ և 200 հետևակային, իսկ վերջինս՝ 500 ասպետ և 2000 հետևակային:
1097թ. սեպտեմբերի կեսերից մինչև հոկտեմբերի կեսերը Տանկրեդի և Բալդուինի զորախմբերը, որոնց միացել էր նաև Մերսինի ծովածոցում ցամաքահանում կատարած Գինեմեր Բուլոյնացի ծովահենի երեք հարյուր հոգիանոց ջոկատը, թուրքական կայազորներից մաքրեցին և նվաճեցին դաշտային Կիլիկիայի բոլոր մեծ քաղաքները՝ Տարսոնը, Ադանան, Մսիսը և Ալեքսանդրեթը: Նվաճումները հեշտացվեցին այդ քաղաքների հայ և հույն բնակիչների օժանդակության շնորհիվ, որոնք կապի մեջ մտնելով խաչակիրների հետ, հաճախ նրանց առջև բացում էին դարպասները: Խաչակիրներին օգնություն ցուցաբերեց նաև Ադանայի հայ իշխան Ուրսինոսը, որին հետազոտողներից շատերը նույնացնում են Օշին Լամբրոնացու հետ: Խաչակիրների կիլիկյան արշավանքը, սակայն, ուղեկցվեց ներքին գժտություններով և նույնիսկ Տանկրեդի և Բալդուինի զորքերի միջև տեղի ունեցած արյունալի բախումներով: Ի հայտ եկավ սեփական տիրույթներ զավթելու խաչակիրների գիշատիչ մոլուցքը ի հաշիվ խաչակրության բուն առաքելության՝ Սուրբ Երկրի ազատագրման գաղափարի: Սակայն հոկտեմբերի կեսերին Բալդուինը հրաժարվեց Կիլիկիայում սեփական իշխանություն հաստատելու մտքից և գնաց Մարաշ՝ միանալու խաչակրաց հիմնական բանակին, որտեղ էին նաև նրա հիվանդ կինն ու երեխաները: Որոշ ժամանակ անց, գրավելով Ալեքսանդրեթը և այդպիսով ավարտելով Կիլիկիայի ազատագրումը թուրքերից, Տանկրեդը նույնպես լքեց երկիրը և Ամանոսի լեռնանցքներով ուղղվեց դեպի Անտիոք: Կիլիկիայի երեք գլխավոր քաղաքներում՝ Տարսոնում, Ադանայում և Մսիսում, պահպանվեցին միայն փոքրիկ ֆրանկ կայազորներ, որոնք Անտիոքի իշխանապետության ձևավորումից հետո (1098թ.) ճանաչեցին նրա գերիշխանությունը:
Խաչակրաց հիմնական բանակը հոկտեմբերի կեսերին մեկնեց Մարաշից, և հոկտեմբերի 21-ին հասնելով Անտիոք, սկսեց քաղաքի ավելի քան յոթամսյա պաշարումը: Բալդուինը, Մարաշում կորցնելով իր կնոջն ու երեխաներին, նորից անջատվեց հիմնական բանակից և այս անգամ արդեն շատ ավելի փոքր զորախմբերով շարժվեց դեպի մերձեփրատյան երկրամասի հայկական իշխանությունները: Թուրքական կայազորներից առաջինն ազատագրվեցին Թլպաշարը և Ռավանդանը:
Այդ ընթացքում խաչակրաց հիմնական բանակը շարունակում էր Անտիոքի հյուծիչ պաշարումը: Պարենի պակասի, ցրտի և անձրևների պատճառով խաչակիրները հայտնվել էին ծանր դրության մեջ, օրեցօր ավելանում էր սովամահ լինողների և դասալիքների թիվը: Խաչակիրները որոշ պարենային օգնություն ստացան շրջակա գավառների հայ իշխաններից ու Սև լեռների հայ վանականներից, մինչ հայ վաճառականները սննդամթերք էին վաճառում թե՛ խաչակիրներին, թե՛ քաղաքում պաշարված թուրքերին: Երկարատև պաշարումից հետո, 1098թ. հունիսի 3-ին, Անտիոքի պարիսպների աշտարակներից մեկի հրամանատարը, որը մահմեդականացած մի հայ էր՝ Փիրուզ անունով, բացեց դարպասները խաչակիրների առջև, և վերջիններս գրավեցին քաղաքը: Երկու օր անց Կիրբուղայի գլխավորած բանակը վերջապես հասավ Անտիոք և երեկվա պաշարողները միանգամից հայտնվեցին պաշարյալի վիճակում: Այնուամենայնիվ հունիսի 28-ին խաչակիրները հանդուգն հակահարձակմամբ ջախջախեցին թուրքական գերակշիռ ուժերը, և մահմեդական աշխարհում անպարտելիների համբավ ձեռք բերեցին, ինչը որոշակի չափով նպաստեց նրանց հետագա հաջողություններին: Քաղաքին տիրելու հարցում Բոհեմունդ Տարենտացու և Ռայմոնդ Սենժիլցու միջև ծագած հակամարտությունն ավարտվեց առաջինի հաղթանակով, որը և հռչակվեց Անտիոքի պրինց, դառնալով Արևելքի երկրորդ խաչակրաց պետության հիմնադիրը:
Երկար սպասումից հետո, 1099թ. հունվարին խաչակրաց բանակը վերջապես վերսկսեց դեպի Երուսաղեմ ընթացող արշավանքը: Այն գլխավորում էր Ռայմոնդ Սենժիլցին, որին միացել էին Գոդֆրուա Բուլոյնացին, Տանկրեդը և այլ նշանավոր հրամանատարներ: Բալդուին Բուլոյնացին և Բոհեմունդ Տարենտացին, կարծես թե արդեն ավարտած համարելով խաչակրի իրենց առաքելությունը, մնացել էին իրենց նորաստեղծ պետություններում: Չհանդիպելով որևէ լուրջ դիմադրության, այլև ընդհակառակը, երբեմն նաև օգնություն ստանալով Սիրիայի և Լիբանանի զանազան մահմեդական էմիրներից, խաչակրաց բանակը ամռան սկզբներին հասավ Երուսաղեմ և ավելի քան մեկամսյա պաշարումից հետո, հուլիսի 15-ին, այն գրավեց Ֆաթիմյան կառավարիչ Իֆթիխար ալ-Դաուլայի ձեռքից: Հետևեց սոսկալի մի նախճիր, որին զոհ գնացին քաղաքի տասնյակ հազարավոր մահմեդական և հրեա բնակիչներ, ինչև թերևս քրիստոնեական մոլեռանդության ամենասահմռկեցուցիչ դրվագն է ողջ պատմության ընթացքում: Քաղաքի գրավման ժամանակ հատկապես աչքի ընկավ Գոդֆրուա Բուլոյնացին, որը և բարոնների կամքով ընտրվեց Երուսաղեմի տիրակալ: Գոդֆրուան հրաժարվեց առաջարկված թագավոր տիտղոսից, պատճառաբանելով, որ չի կարող թագ կրել մի քաղաքում, որտեղ Քրիստոսը փշե թագ է կրել, և բավարարվեց Սուրբ Գերեզմանի պաշտպան տիտղոսով: Այսպիսով, Արևելքում հիմնադրվեց խաչակրաց երրորդ պետությունը:

Սեփական պետություն հիմնադրելու հավակնություն ունեցող նշանավոր խաչակիր առաջնորդների շարքում միակ չբավարարված անձը մնաց Ռայմոնդ Սենժիլցին: Վերջինս հավաքեց իր զորքերը և շարժվեց դեպի Լիբանանի լեռները, ի հակադրություն մյուս խաչակիրների դառնալով բյուզանդական քաղաքականության լծորդը և հուսալով կայսրության օգնությամբ սեփական պետություն հիմնադրել միջին Որոնտեսի հովտում: Հետագայում՝ 1101թ. հունիսին, Ռայմոնդը մեկնեց Կոստանդնուպոլիս և միացավ առաջին խաչակրաց արշավանքի երկրորդ հսկայազանգված ալիքին, որը կազմված էր հիմնականում լոմբարդացիներից, ֆրանսիացիներից ու գերմանացիներից: Զինյալ խաչակիրների շուրջ հարյուրհազարանոց այդ բազմությունը, սխալ երթուղի ընտրելով, գլխովին ջախջախվեց հյուսիս-արևելյան Անատոլիայի լեռներում: Ռայմոնդը, մի կերպ ճողոպրելով, հասավ Կոստանդնուպոլիս, իսկ այնտեղից 1102թ. կրկին վերադարձավ Արևելք: 1103թ. Տրիպոլիի դիմաց կառուցելով Ուխտավորների լեռ կոչված բերդը և հաջորդ տարի գրավելով Տրիպոլիի և Բեյրութի միջև գտնվող Ջիբեյլ նավահանգիստը, նա փաստորեն հիմնադրեց մի նոր խաչակրաց պետություն, որը հետագայում, Տրիպոլիի նվաճումից հետո (1109թ.) պիտի կոչվեր Տրիպոլիի կոմսություն:
Խաչակրաց այս չորս պետությունները իրավական առումով բացարձակապես անկախ էին միմյանցից, և նրանց միջև նվիրապետական որևէ ենթակայություն գոյություն չուներ: Բոլոր պետություններն էլ ունեին իրենց սեփական դրամը, սեփական օրենսդրությունը, սեփական դատական համակարգը և սեփական եկեղեցական կառույցը:

Խաչակրաց արշավանքների արդյունքները.վերջաբան
Հետազոտողների մեծամասնության կարծիքով՝ խաչակրությունն եղել է թերևս մարդկության պատմության ամենաանպտուղ, ամենաիռացիոնալ և ամենաարկածախնդրական ձեռնարկը: Արդի պատմագիտության հիմնադիր Էդուարդ Գիբոնի (1737-1794թթ.) գնահատմամբ՝ խաչակրաց արշավանքները «ավելի շուտ կաշկանդել, քան թե խթանել են Եվրոպայի հասունացումը. Արևելքում թաղված միլիոնավոր մարդկանց կյանքն ու վաստակը կարող էին շատ ավելի արդյունավետ օգտագործվել իրենց հայրենի երկրում»: Իսկ XXդ. պատմաբան Ս. Ռանսիմենի բնորոշումներով՝ «պատմական հեռանկարի տեսակետից խաչակրաց ողջ շարժումը կատարյալ ձախողում էր», կամ՝ «ողբերգական ու ավերիչ դրվագ»: Ինչպես ցանկացած քաղաքական ծրագրի դեպքում, խաչակրության արդյունքների գնահատման չափանիշը պետք է լինի այն, թե որքանով իրականություն դարձան այդ ծրագրի հիմքում դրված խնդիրները: Խաչակրությունը ձեռնարկելիս Ուրբանոս պապի հայտնի և ծածուկ խնդիրներն էին՝ արևելյան քրիստոնյաների ազատագրումը սելջուկյան լծից, Երուսաղեմի և Սուրբ Գերեզմանի վերանվաճումը մահմեդականների ձեռքից, Եվրոպային սպառնացող թուրքական առաջխաղացման խափանումը և Արևմուտքում Հռոմեական եկեղեցու հեղինակության բարձրացումը: Արդ, նրանցից ոչ մեկն էլ, բացառությամբ թերևս վերջինի, ոչ միայն չհասավ իր հետապնդած նպատակին, այլև ունեցավ ճիշտ հակառակ արդյունքը: Ս. Ռանսիմենի պատկերավոր դիտարկմամբ՝ «Խաչակրաց արշավանքները ձեռնարկվեցին արևելյան քրիստոնեությունը փրկելու համար. – երբ նրանք ավարտեցին, ողջ արևելյան քրիստոնեությունը գտնվում էր մահմեդական տիրապետության տակ»:
Խաչակրաց արշավանքների գլխավոր զոհերը եղան արևելաքրիստոնեական ժողովուրդները: Բացի այդ, խաչակրաց արշավանքները մահացու հարված հասցրին նաև Բյուզանդական կայսրությանը, որից նա այլևս չկարողացավ ուշքի գալ: Վերլուծաբանների մոտ տարածված է նաև այն կարծիքը, թե խաչակրությունները նպաստեցին մասնատված մահմեդական պետությունների միավորման գործընթացին: Ի հակազդեցություն խաչակրության, մահմեդական աշխարհում վերածնվեց ջիհադի՝ իսլամական սրբազան պատերազմի գաղափարը, որը կարևոր քարոզչական դեր խաղաց ֆրանկների դեմ մղվող պայքարում: Բավականին ճանաչում է գտել նաև այն տեսակետը, որի համաձայն՝ խաչակրաց արշավանքները նպաստել են միջազգային առևտրի զարգացմանը:
Այնուամենայնիվ խաչակրաց արշավանքները անպտուղ են համարվում ոչ միայն քաղաքական տեսակետից, այլև մշակութային առումով: Որքան էլ զարմանալի է, Արևելքում հիմնված լատինական պետությունները չստեղծեցին մնայուն արժեք ներկայացնող մշակույթ: Քիչ թե շատ ծաղկում ապրեցին միայն ճարտարապետությունը՝ մասնավորապես բերդաշինությունը, պատմագրությունը և իրավագիտությունը: Հավանաբար թույլ էին զարգացած մանրանկարչությունը և գրչության արվեստը, քանի որ լատինական Արևելքից մեզ հասած ձեռագրերի թիվը չի անցնում երկու տասնյակից: Խաչակրությունը համարյա ոչինչ չտվեց նաև Արևելքի և Արևմուտքի մշակութային փոխազդեցությունների առումով: Շուրջ երկու հարյուր տարվա համակեցության ընթացքում ոչ մի գրավոր հուշարձան արաբերենից չթարգմանվեց լատիներենի, կամ հակառակը: Այս իմաստով լատինական Արևելքը էապես տարբերվում է Իսպանիայից և Սիցիլիայից, որոնցում ծավալված թարգմանական շարժումը կարևորագույն նշանակություն ունեցավ մահմեդական մտքի նվաճումները Եվրոպային փոխանցելու գործում:
Այսպիսով, խաչակրաց արշավանքները, հակառակ իրենց վրա հրավիրած հսկայական ուշադրությանը, պատմական հեռանկարի տեսակետից լուսանցային դեր խաղացին թե՛ Եվրոպայի, թե՛ Արևելքի ճակատագրում, չխախտելով և ոչնչով չկանխորոշելով նրանց մայրուղային զարգացման միտումները:
Աղբյուրը՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Խաչակիրները և հայերը, Հատոր Ա, 2005թ:
Նելլի Հարությունյան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s